RSS

01 Aug

«ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ»

Մի սխալ քայլ դեպի ձախ, և անհատակ խավարը կուլ կտա մարմինդ: Անցնելու միակ տարբերակն էր թիկունքով հենվել պատին և դիմացը գտնվող գոգավոր, նեղ հարթությունից կառչել ոտքերով: Ներս մտնելու համար պետք էր հաղթահարել առջևի բարձր, թաց ու սահուն, ուղղահայաց պատը, որից բռնվելու տեղ չկար:

Ճանապարհը գնալով նեղանում էր. կանգնած ոտքերին սկսեցին փոխարինել ծնկները: Սողում ենք փորի ու մեջքի վրա` առանց նորմալ տեսադաշտի: Մեր կողքից հավասար սողում են կյանքն ու մահը:
Սա 50 մետր երկարությամբ ձգվող քարքարոտ, նեղ ու վտանգավոր ճանապարհ է: Չորս կողմը մութ է, լույսի կայծ չկա, միայն վառվող լապտերներն են առաջնորդում խավարասերներին փոխարինած արշավականներիս: Օդը խոնավ էր, փոշոտ ու սառը, թթվածնի պակասը զգացնել էր տալիս: Ներսում +10 ջերմաստիճան էր. այն միշտ պահպանվում է` անկախ դրսի եղանակային փոփոխություններից:
«Արջերի քարանձավ». առաջին սրահում ենք՝ ստալակտիդներով պատված, բայց հերոսական փորձությունների շղթան` էքստրիմը, նոր է սկսվում:

Հայաստանի ամենամեծ ու ամենաանանցանելի «Արջի քարանձավ»-ն իր անունը ստացել է 1982-ին, երբ ուկրաինացի երկրաբաններն այստեղ գտան սատկած արջի մարմին, որ մտել էր ներս, մոլորվել և չէր կարողացել դուրս գալ:

«Արջերի քարանձավ» հասնելու համար պետք էր հաղթահարել եղևնիներով պատված լեռը: Եղեգնաձորը մնացել էր սարերի հետևում։

Գրիգորը՝ Մեդվեդ Գրիզլին, որ քարանձավի գիտակն էր ու հինգ հոգանոց արշավախմբի ղեկավարը, կես ժամ փնտրելուց հետո միայն գտավ քարանձավի թաքնված նախամուտքը, որտեղից մտանք այդ անանցանելի լեռան մեջ:
Մթության մեջ չենք կարողանում տեսնել ստալակտիդների գույնը, միայն լուսանկարելով` ֆոտոապարատի էկրանին տեսանք, որ կարմիր են` երակով հոսող արյան նման, դեղին ու սպիտակ: Ստալակտիդների (շթաքար, նստվածքային ապարների խումբ, որի բաղադրությունը հիմնականում հանքային աղերն են) ծայրից շարունակ ջուր է կաթում, ինչն էլ խոսում է քարանձավի գործող լինելու մասին: Շարժվում ենք հնարավորինս զգույշ, որպեսզի և’ չվնասվենք, և’ չվնասենք դարերի ընթացքում ջրի կաթիլների շնորհիվ կյանք ստացած այդ հրաշքը:

Երկրորդ սրահը «գահականն է», ուր բնական արհավիրքներն անզոր են եղել ոչնչացնելու սրահի կենտրոնում գտնվող գահը: Նստեցինք ու մեկ րոպեով մեզ թագավոր ու թագուհի զգացինք:
2 ժամ է արդեն, որ անցնում ենք ստալակտիդներով պատված մեծ ու փոքր սրահներով՝ 250 մետր խորության վրա (մի սրահից մյուսը մեջքի վրա սողալով անցնելու համար պահանջվում էր առնվազն 15 րոպե): Վերջապես հասանք քարանձավի «սրտին». մեծ սրահի կենտրոնում է` կախված ստալակտիդի բարակ բեկորից: Դրանից ոչ հեռու երկրորդ «սիրտն» է. այնպիսի տպավորություն է, որ եթե մեկի «աշխատանքը» դադարի, մյուսը կշարունակի «բաբախել»:

Առաջ ենք գնում կռացած` շրջանցելով ասեղների նման վերևից ցցված ստալակտիդները: Մինչև լճին հասնելը տեսնում ենք նաև քարանձավի «աղիքները»` գերհսկա քարերի մեջ գերհսկա ստալակտիդներ:
Աղիքների մոտ էլ նստեցինք հանգստանալու ու պեչենի ուտելու. քարանձավում ճնշումն ընկնում է, իսկ քաղցր պեչենին օգնում է կարգավորել այն:
Հենց խմեցինք քարանձավի ջուրը, հոգնածությունն անմիջապես անցավ: Ջրի համն անհամեմատելի է երկրի երեսով հոսող ջրի հետ: Մոտ հինգ մետր սողալով անցնելով` հասանք լճին. լիճը մի սրահում էր, որ ասես միայն նրա համար էր կառուցված:

Լճի մոտ երկար մնալ չէինք կարող, դեռ պետք է անցնեինք «Ռաֆոյի ծակով», որ տանում էր չղջիկների ապաստարան: «Ռաֆոյի ծակը» մոտ 50 սմ է, կոչվում է մի մարդու անունով, ով առաջինը կարողացել է միջով անցնել: Ճանապարհը գտնելու համար հուշարար էին ծառայում թաքնված քարերին սպիտակ քառակուսիների մեջ սևով գրված թվերը: Ալպինիստական 20 մետրանոց պարանով, որ ինչ-որ ալպինիստներ թողել էին մեզ նմանների համար, բարձրանում ենք մութ ու նեղ «խոռոչներով»` մեկս մյուսին վերև հրելով ու բռնելով:

Հոտ է գալիս: Գարշելի հոտ: Կայծակի արագությամբ մեր գլխավերևով անցնում են չղջիկները: Հասել ենք թևավոր մկների ապաստարան: Այստեղ քարանձավը մեռած է. չկան ստալակտիդներ, ջուրը քարերից չի կաթկթում, միայն հարյուրավոր չղջիկներն են թևերը թափահարում` քարանձավի պատերին կպած: Մեր ձայներին արձագանքելով` նրանք խառնվում են իրար ու արագ պտույտներ անում օդում` մեր շուրջը:


 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s